«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Առօրյայում, հասարակության մեջ մշտապես դեպի կատարելություն քայլելու պարտավորված անհատն իր ընթացքում ինչ-որ պահի ճեղքվածք է տվել՝ կապելով հեղինակին գոյության ավելի խոր շերտերի հետ, միաժամանակ ստիպել սֆերիկ ընդգրկել կյանքն ու զգալ մի քիչ ավելին։ Հեղինակը խոսում է գրականության և սիրո մասին կամ Սիրո, որտեղից սկսվում է գրականությունը՝ մարգարեական ու անժամանակ։ Այսպես locus morbi-ն՝ ախտահարման օջախը, իր կյանքի ճեղքն է՝ խոռոչը, որտեղից զգացողություններն ու գիտակցումը, ճանաչողությունն ու վերլուծությունները և այն ամենը, ինչ ստեղծում է մարդուն, շարունակաբար լցվում է հեղինակի մեջ։ Լատիներենն ակունքային լեզու է, վկայում է անցյալի մշտական ներկայությունն ու ամբողջացնում ժամանակը. nihil novi sub sole ` արևի տակ ոչինչ նոր չէ։
Այս գիրքը հեղինակի ապրելու և ավելին զգալու միջտարածությունն է, միակ փաստը և իրեղեն ապացույցը: Հրատարակել է «Գրքամոլ» հրատարակչությունը:


