Այո, սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է և երբեմն տպավորություն է, որ միայն Հայաստանում է այդպիսի իրավիճակ: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդրին։
Խոսելով ուղևորափախադրումներին և սահմանների բացմանը, վարչապետը նշեց, որ այսօր դեպի ԱՊՀ երկրներ շրջանառությունն ընդհանրապես փակ է:
«Եթե Ռուսաստանի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Մենք արդեն կարծում ենք, որ արդեն իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ոնց և ինչ ժամանակցույցով ենք դուրս գալու այս իրավիճակից: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ձևաչափով»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:
«Որքան հասկացա Քաղավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են վերականգնել ավիաչվերթները դեպի Հայաստան: Որքան հասկանում եմ, արդեն սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում այդ հարցը քննարկման առարկա կդառնա ԵԱՏՄ շրջանակում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել են կանոնավոր ուղևորափոխադրումների սցենարը հաստատելու հարցը և հուսով են, որ կգործի միասնական կանոն:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինի մեջ մնալ 14 օր, կարող են օդանավակայանում թեստ հանձնել, և եթե պատասխանը բացասական է, կարանտին չեն անցնի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ մուտքի որևէ արգելք այս պահին չի գործում, ովքեր ուզում են Հայաստան գալ, կարող են գալ: Նրա խոսքով՝ ներկայումս օդանավակայանում 20 նմուշառման կետ է կառուցվում, և ովքեր կցանկանան տեղում թեստավորվել, կունենան այդ հնարավորությունը:


