Վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր։ Սա իհարկե բարելավում է։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, բարելավման մեկ այլ ցուցանիշ ևս ունեն՝ ակտիվ դեպքերի թիվը նվազել է ու այս պահի դրությամբ 3000-ից պակաս նման դեպքեր կան։
«Կարևոր է արձանագրել, որ աննախադեպ բարձր է ամենօրյա թեստերի թիվը: Այսինքն՝ հայտնաբերվում են քիչ թվով դրական դեպքեր՝ 5-8 տոկոսի շրջանակներում, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ: Սա շատ կարևոր է, քանի որ, երբ մարդը, նրա շրջապատը գիտեն կորոնավիրուսով վարակված լինելու մասին, դա ազդում է նաև նրա վարքի վրա»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է:
«Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Խոսքը վերաբերում է դիմակ կրելու պահանջին: Մենք պարտադրված ենք անել քայլեր, որպեսզի չվերադառնանք նոր ճգնաժամի: Կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային որոշումները, որոնք ընդունում ենք, ինքներս ենք պահպանում, կիրառում, դեռ մի բան էլ ավելին: Կայացվող որոշումները վերաբերում են նաև մեր երեխաներին: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում արտոնյալ չեն: Մենք կգնանք այս ճանապարհով, սակայն նաև մոնիթորինգ կանենք: Մեր նպատակն է դուրս գալ սահմանափակումների ռեժիմից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


