Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ նշեց, որ համավարակը, իհարկե, տնտեսական և սոցիալական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է գնահատել այդ վնասները։
«Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հայտնի են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում և որքանով է այդ իրավիճակը սրվել: Կա՞ն ցուցանիշներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ չափի սոցիալական վատթարացում է եղել երկրում»,- ասաց նա։
Ըստ նրա, ՀԴՄ կտրոններով շրջանառության տվյալները վկայում են, որ Հայաստանում սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020-ի օգոստոսին, 2019-ի օգոստոսի համեմատ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով:
«Ընդ որում, այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր։ Այս թիվն ինքնին պետք է վկայի, որ այո, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք», նշեց նա։
Նա նաև նշեց, որ առևտրի նվազում կա, քանի որ չունենք զբոսաշրջիկներ, չեն աշխատում թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, հյուրանոցները դատարկ են, հարսանիքները սահմանափակ թվով են անցկացվում:
Պետք է արձանագրել, որ ՀԴՄ կարգապահությունը ամենաբարձր մակարդակում չէ, սակայն առկա թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա: Դա տեղի է ունեցել կառավարության վարած քաղաքականության շնորհիվ: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն է ներակրկվել 163.4 մլրդ դրամ: Այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները:
2020-ի հուլիսին Հայաստանում եղել է 613 62 աշխատատեղ, ինչը 2019-ի համեմատ ավելի է 6597-ով՝ 1.1 տոկոսով: Աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով՝ 8.3 տոկոսով ավելի են, քան 2019-ին: Պետք է հուսալ, որ օգոստոսին այս ցուցանիշները ավել կլինեն, քանի որ օգոստոսին ներքին զբոսաշրջության ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- ասաց կառավարության ղեկավարը:


